AM
22 Սեպտեմբեր 2025 - 10:55 AMT

Քոչարյան․ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն քննարկում են համագործակցության նոր փաստաթղթի հարցը

Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարում բացման խոսքով հանդես եկած ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն քննարկում են համագործակցության նոր փաստաթղթի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերություն» ծրագրի հաստատման հարցը։

Քոչարյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ սեմինարը Հայաստանում անցկացվել է 2015 թվականին, իսկ ներկայում, փոփոխվող աշխարհաքաղաքական ֆոնին, տարածաշրջանը կրկին կանգնած է նոր և բարդ մարտահրավերների առաջ։ Նա առանձնացրել է քննարկվող հիմնական թեմաները, այդ թվում՝ խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, աշխարհաքաղաքական մրցակցությունը, ժողովրդավարության դիմակայունությունը, ապատեղեկատվությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հեռանկարները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորություն:

Այս համատեքստում Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականը ներդաշնակվում է հռչակագրի դրույթներին՝ առաջարկելով տրանսպորտային եւ ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածություն ու վստահություն: Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ վերափոխելու տարածաշրջանային քաղաքական միջավայրը, տնտեսական համագործակցության, առեւտրի եւ մշակութային փոխանակումների միջոցով ամրապնդելու խաղաղությունը:

Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձեւավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով եւ մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլեւ միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում»,–ասել է Քոչարյանը:

Նա ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ ներառյալ պաշտպանական բարեփոխումները, կառավարման թափանցիկության բարձրացումը, քաղաքացիական վերահսկողության ամրապնդումը, ռազմակրթական փոխանակումները և խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։ Քոչարյանի համոզմամբ, այս համագործակցությունը ոչ միայն անվտանգության ապահովման գործիք է, այլև՝ ինստիտուցիոնալ դիմակայունության ու անկախ պետականության ամրապնդման կարևոր հենասյուն։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվությանը և տեղեկատվական մանիպուլյացիաներին, որոնք, ըստ Քոչարյանի, դարձել են անվտանգության նորագույն մարտահրավերներ։ Նա նշել է, որ այս խնդիրներին դիմակայելու համար անհրաժեշտ է համատեղել տեղեկատվական անվտանգությունը, հանրային իրազեկվածությունը, թվային գրագիտությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը։

Քոչարյանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Դեյթոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանում ընդգծվել է, որ ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմները և կիբեռհարձակումները պետք է դիտարկվեն որպես առաջնային սպառնալիքներ՝ ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակում։

Նա կարևորել է նաև քաղաքացիական վերահսկողության ինստիտուտների ամրապնդումը, հանրային վերահսկողության մեխանիզմների զարգացումը և խորհրդարանական վերահսկողության ընդլայնումը, ընդգծելով, որ այս հարցերում ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների փորձն արժեքավոր է Հայաստանի համար։

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսության փոխկապակցվածությանը՝ Քոչարյանը նշել է․ «Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է և պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա»։

Ամփոփելով խոսքը՝ նա վստահություն է հայտնել, որ սեմինարը կնպաստի Հայաստան-ՆԱՏՕ ռազմավարական կապերի խորացմանը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և խոր շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ միջոցառման կազմակերպման համար։

Ազգային ժողովի փոխխոսնակ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը արդեն չորրորդ անգամ հյուրընկալում է այս սեմինարը՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը։

Նա հավելել է․ «Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ։ Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների, ՀՀ-ն նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարևանների հետ կայուն ապրելու ձգտումներին»։

Նա ներկայացրել է վերջին զարգացումները Հարավային Կովկասում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությանը։ Ռուբինյանը վստահություն է հայտնել, որ առկա է պատմական հնարավորություն՝ անցյալի հակամարտությունները հաղթահարելու և խաղաղ ու բարիդրացիական ապագա կառուցելու համար։

«Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտություններն ու կառուցելու խաղաղ և բարիդրացիական ապագա, մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունն ու այն վերածել կայունության և զարգացման պատմական իրականության»,- նշել է Ռուբինյանը։

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։