AM
22 Սեպտեմբեր 2025 - 11:21 AMT

Պապիկյան․ ՊՆ–ն խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես ստանում է մասնագիտացված խորհրդատվական աջակցություն Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Նրա խոսքով, մի շարք ուղղություններով համակարգված աջակցություն է ցուցաբերում նաև Հունաստանը։

Պապիկյանը նշել է․ «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա», հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նշանակալի ներդրումներ է կատարում նաև Զինված ուժերի համալրմանը արդիական սպառազինությամբ և տեխնիկայով, ինչը հնարավոր է դարձել շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ։

«ԶՈւ-ի կերպափոխումը և ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում են ոչ միայն արդիական զինված ուժեր ունենալու, այլև գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի հասնելու նպատակով»,– շարունակել է Պապիկյանը։

Երևանում ընթացող «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով սեմինարին մասնակցում են նաև պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից։