Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ԱԺ շենքի դիմաց՝ ահազանգելու Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների դեմ իրականացվող անօրինականությունների մասին։
Նրանք իրենց պարզել էին Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանի, Մայր Աթոռի լուսանկարները, ինչպես նաև ենթադրյալ սատանայի լուսանկար, որի մի հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքն էր, գրում է Panorama.am-ը։
«Ազատություն սրբազանին», «Կանխել նզովյալ դատավճիռը», «Դատել Նիկոլին» երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ վանկարկում էին նրանք։
«Երբ խոսում եմ մարդկանց հետ, ասում են՝ հայի բախտն է այդպիսին, չենք ունեցել պետականություն, ասում են՝ ամեն ինչում սատանան է մեղավոր։ Բայց մենք գիտենք չարիքի անունը՝ Նիկոլ Փաշինյան։ Ինչպես նշվում է Հայ առաքելական եկեղցում ծեսերի ժամանակ՝ հրաժարվում եմ սատանայից, հրաժարվում եմ Նիկոլ Փաշինյանից»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ասել են՝ այսօր պատրաստվում են մասնակցել Միքայել Սրբազանի գործով դատական նիստին։ իսկ մինչ այդ նրանք երթով ԱԺ-ից շարժվել են դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում են գտնվում սրբազանները։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






