AM
22 Սեպտեմբեր 2025 - 14:39 AMT

Ալեքսանյան․ ՔՊ–ում ընտրություններն էտալոնային էին ՀՀ կուսակցական միջավայրում

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրենց կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրություններին։ Ըստ ՔՊ-ականի՝ ընտրությունները ոչ միայն ժողովրդավարական էին, լավն էին, թափանցիկ էին, այլև ուղղակի էտալոնային էին Հայաստանի կուսակցական միջավայրում։

«Ընտրությունների մեկնարկի վայրկյանից մինչև հաշվարկի ամենավերջին վայրկյանն ամեն ինչ հեռարձակվել է ուղիղ եթերով»,–նշել է նա։

Ալեքսանյանը հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող էր ուղիղ եթերում տեսնել ու հաշվել՝ քանի հոգի մտավ ընտրատեղամաս, քանի քվեաթերթիկ օգտագործվեց։

«Հաշվարկի ժամանակ էլ կարող էր տեսնել քվեատուփից դուրս եկող յուրաքանչյուր քվեաթերթիկ՝ վրայի բոլոր նշումներով։ Հատուկ էնտուզիաստները կարող էին նույնիսկ ամեն քվեաթերթիկը հանելուց հետո «ստոպ» սեղմել, դրա վրայի նշումներն անցկացնել թղթի վրա ու այդպիսով ինքնուրույն հաշվարկ կատարել։

Հայաստանում երբևէ կառավարող, կառավարության մաս կազմող ոչ մի ուրիշ կուսակցություն չի ունեցել այս աստիճանի թափանցիկություն։

Սրանք էտալոնային ընտրություններ էին։ Իսկ թե ինչու՞ ընդդիմադիր խոշոր կուսակցությունների մեծ մասը սրա կեսի կեսի կեսի կեսի չափ թափանցիկություն չի ապահովում իրենց ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ արժեհամակարգային հարց է»,- գրել է ՔՊ-ականը։

Սեպտեմբերի 20-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում անցկացվել են վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրություններ։ Կուսակցությունը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ վարչության նախագահի պաշտոնում ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով։

Վարչության նոր կազմից դուրս են մնացել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։