AM
22 Սեպտեմբեր 2025 - 14:44 AMT

Կարապետյան. Փոքրիկ խմբակը ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը

Կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը սեպտեմբերի 22-ին ԱԱԾ մեկուսարանից հղած ուղերձում անդրադարձել է երիտասարդների ներուժին և ներքաղաքական զարգացումներին։

Նա նշել է նաև, որ իշխող «փոքրիկ խմբակը ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը»։

«Արդեն մոտ 20 տարի է, ինչ տարբեր առիթներով ու տարբեր ճանապարհներով աջակցում եմ տաղանդավոր հայ երիտասարդներին։ Ոլորտները տարբեր են՝ երաժշտություն, սպորտ, գիտություն, կինո, այլ արվեստներ։

Չկա կյանքի մի ոլորտ, ուր հայերն աչքի ընկած չլինեն իրենց շնորհքով։ Սա իրական ու մեծ հարստություն է, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել։

«Մեր ձևով» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել ամբողջ Հայաստանում տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու և նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ու որքան էլ հաջողության պատմությունները շատ լինեն, միևնույնն է, այս կարևոր գործը պատիվ եմ համարելու ու չեմ դադարեցնելու աջակցությունը երբեք:

Վերջապես փոքրիկ խմբակը հայ ժողովրդին էլ ցույց տվեց հարևան երկրների առաջ իրենց ընդունած խղճուկ դիրքն ու կեցվածքը, և չեմ կասկածում, որ ամպագոռգոռ, դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո շատ կարճ ժամկետում լիովին փոխելու ենք մեր երկիրը, ներքին համերաշխություն ենք ունենալու, ապրելու ենք պաշտպանված ու բարեկեցիկ։

Մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց Աստվածատուր տաղանդի շնորհիվ:

Անելու ենք՝ մեր ձևով»,–ասվում է ուղերձում։

Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։