ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը հայտնել է, որ ամեն տարի դպրոց չէր հաճախում առաջին դասարան ընդունվելու ենթակա երեխաների մոտ 10 տոկոսը՝ կազմելով մոտ 3000 երեխա։ Այդ մասին նա ասել է «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը. Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։
Նա այդպես է պատասխանել լսումներին մասնակցող Հայկ Հարությունյանի հարցին, թե ինչու է ԿԳՄՍ-ն որոշել որ երեխան պետք է սովորի այն դասարանում,որին համապատասխանում է առաջին անգամ դպրոց գնալու ժամանակ և բազմաթիվ են դեպքերը, որ երեխաները 7 տարեկանում են գնացել դպորց և՝ միանգամից երկրորդ դասարան, հայտնում է Panorama.am-ը։
Հիշեցնելով որ երեխային 6 տարեկանում դպրոց չտանելու դեպքում ծնողի համար սահմանված է 30,000 դրամ վարչական տույժ՝ Հարությունյանը հիշեցրել է,որ տույժի ենթարկված ծնողների վերաբերյալ իր հարցումներին ԿԳՄՍ-ն վիճակագրություն չի ներկայացրել։
Սվաջյանն ասել է, որ խնամակալության հոգաբարձության մարմինն է երեխայի կրթուրթյան իրավունքի պաշտպանության իրավասու մարմինը, այդ պատճառով էլ ԿԳՄՍ-ն չի տիրապետում վարչական պատասխանատվության ենթարկված ծնողների թվին։
«Երեխայի լավագուն շահը և կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին կհամապատասխանի դպրոց ընդունվելու պահին»,- ասել է փոխնախարարը՝ պնդելով որ այդ կարգավորմանն են եկել ուսումնասիրությունների և փորձագիտական եզրակացության հիման վրա։
«Ինչքան էլ տույժի մասին իրազեկել ենք, եղել են ծնողներ որոնք լուրջ չեն մոտեցել այդ հորդորներին»,-ասել է փոխնախարարը։
Նա վստահեցրել է, որ այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից և ժամանակին հաճախել են առաջին դասարան։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար որոշում է կայացվել թույլ տալ, որ նրանք 7 տարեկանում էլ հաճախեն առաջին դասարան և նման երեխաներն արդեն այցելում են առաջին դասարան։






