AM
23 Սեպտեմբեր 2025 - 08:03 AMT

Հայտնի են 2025 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025 թվականի համաշխարհային մարդասիրական մրցանակի չորս հերոսների անունները, որոնք հավակնում են 1 միլիոն դոլար պարգևին։

Սալի Բեքերը (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբը (Սուդան), Զուհայր Լահնան (Մարոկկո) և Ջիլ Սիմանը (ԱՄՆ/Հարավային Սուդան) ընտրվել են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից՝ ավելի քան 800 առաջադրումներից։ Հավակնորդները ներկայացվել են Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի և քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ։

Այս չորս հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին՝ Նյու Յորքում կայանալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Նույնիսկ պայմաններում, երբ մարդասիրական ճգնաժամերն ավելի են խորացել, իսկ ֆինանսավորումը՝ նվազել, այս մարդիկ շարունակել են գործել՝ վտանգելով իրենց կյանքը՝ օգնելով երեխաներին պատերազմի գոտիներում, հիվանդանոցներ պահելով գործող նույնիսկ ռմբակոծությունների տակ և բժշկական ծառայություն մատուցելով ամենաբարդ պայմաններում։

Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի և Կոսովոյի հակամարտությունների ժամանակ հարյուրավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից և հիմնել մանուկներին շտապ բուժօգնություն ցուցաբերող կազմակերպություններ։ Տիկին Բեքերը հետագայում ընդլայնել է իր գործունեությունը Իրաք, Ուկրաինա և Գազա՝ մեկնարկելով հեռաբժշկության ծրագիր, որը կապում է տեղացի բժիշկներին մանկաբույժների միջազգային ցանցի հետ։

Ջամալ Էլթայեբ (Սուդան)՝ բժիշկ, որի շնորհիվ Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը 2023 թվականի ապրիլից մինչ օրս շարունակում է գործել՝ դառնալով Խարթումի վերջին բուժօգնության կենտրոններից մեկը։ Նրա ղեկավարությամբ հիվանդանոցը շարունակում է աշխատանքը՝ չնայած ռմբակոծություններին, ռեսուրսների ծայրահեղ պակասին և ենթակառուցվածքային լրջագույն խնդիրներին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։

Զուհայր Լահնա (Մարոկկո)՝ մանկաբարձ-գինեկոլոգ, որը երկու տասնամյակից ավելի է անցկացնում հակամարտությունների և աղետներից տուժած շրջաններում՝ բուժելով, վերապատրաստելով տեղի մասնագետներին և համակարգելով մարդասիրական աշխատանքները։ Բժիշկ Լահնան աշխատել է Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Ուգանդայում, իսկ վերջերս՝ նաև Գազայում՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերից՝ պարբերաբար իրականացնելով բժշկական հերթափոխեր։

Ջիլ Սիման (ԱՄՆ/Հարավային Սուդան)՝ բժիշկ, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը և արդեն ավելի քան 30 տարի շարունակաբար տրամադրում է կենսական բուժօգնություն Հին Ֆանգակում՝ ամեն տարի հասնելով մոտ 40,000 հիվանդի։ Նա առաջնահերթ դեր ունի վիսցերալ լեյշմանիոզի և տուբերկուլյոզի կանխարգելման մեթոդների ներդրման գործում ինչպես Հարավային Սուդանում, այնպես էլ Ալյասկայի հեռավոր շրջաններում՝ վերապատրաստելով տեղական բուժաշխատողների և անմիջականորեն օգնելով նրանց։

««Ավրորայի» այս չորս հերոսները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ոմանց խիզախությունը, կարեկցանքն ու նվիրումը կարող են լուսավորել շատերի ճանապարհը», – ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար լորդ Արա Դարզին։

«Մեծագույն պատիվ է փառաբանել նրանց արտասովոր աշխատանքը և այն հույսը, որ նրանք պարգևում են աշխարհի ամենախոցելի խմբերին»,–հավելել է նա։

Մրցանակաբաշխության ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նաև այն բարերարներին, որոնք մարմնավորում են «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ Գրասա Մաշելին, Մայքլ Միլքենին, Դեյվիդ Ռուբենսթայնին և Հենրիետա Ֆորին։ Երեկոյի հաղորդավարներն են լինելու բազմակի մրցանակակիր լրագրող Ջուդի Վուդրաֆը և բեսթսելլեր հեղինակ Դեյվիդ Իգնաթիուսը։ Երաժշտական կատարումներով հանդես կգան «Գրեմմի» մրցանակի առաջադրված կատարողներ Ռուֆուս Ուեյնրայթը և Ալոե Բլեքը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներից է հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որն այժմ կալանքի տակ է Բաքվի բանտում։

«Ավրորան» հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ երախտագիտությամբ փրկողների հանդեպ։ Տասը տարվա ընթացքում նախաձեռնությունը մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 3.5 միլիոն մարդու է աջակցել՝ ֆինանսական օգնություն տրամադրելով տեղերում աշխատող անհատներին ու կազմակերպություններին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան։