AM
23 Սեպտեմբեր 2025 - 09:15 AMT

Զուրաբյանը` Փաշինյանին․ Ազգակործան պատուհաս-խաբեբա, հրապարակիր ՄԽ 2019–ի խաղաղության պլանները

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի նախկին երեք նախագահներին ուղղված գրառումներին և բանավեճի հրավիրելու առաջարկին։

Զուրաբյանը նրան «սերիական ստախոս» է անվանել։

«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019–ի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»:

Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի:

Հրապարակի, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթn անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որեևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես:

Դու սերիական ստախոս ես. խաբել ես պատերազմից առաջ, խաբել ես պատերազմի ընթացքի մասին, խաբում ես նաև քո իբր բերած «խաղաղության» մասին:

Քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ «Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,–գրել է նա։