ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։
Այսօր Երևանում ընթացող «Ժողովրդավարության ֆորում» միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ նա հայտարարել է. «Մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ որ մենք էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծել ենք», գրում է Sputnik Արմենիան։
Վարչապետը պարզաբանել է, որ հաճախ է առաջանում հարց, թե արդյոք իրատեսական է Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալը, սակայն կառավարության հիմնական առաքելությունն է ԵՄ մակարդակին հասնելը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որն առաջացրել է լուրջ բանավեճեր։
Հայաստանի կառավարության այս քայլին անդրադառնալով՝ Կրեմլում արձագանքել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության կազմում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միմյանց հետ անհամատեղելի են, և Ռուսաստանը օրենքի նախագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբ։ Նա Հայաստանի որոշումը համեմատել է «Տիտանիկի» տոմս ձեռք բերելու հետ։






