AM
23 Սեպտեմբեր 2025 - 11:31 AMT

Ղազարյան. Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, հիմա չեմ շփվում հետը

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել, պնդել է, որ ինքը ցուցմունք չի տվել, թեև հաստատել է, որ հիմա նրա հետ շփում չունի։

Ղազարյանը նաև վստահեցրել է, որ ինքը որևէ թալանի չի մասնակցել և իրենից հետ բերելու որևէ բան վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի, հայտնում է Aysor.am-ը։

«Պիտի թալան լինի, որ հետ բերի»,-ասել է նա։

Հարցին, թե արդյո՞ք այդ թալանի մասին չէր խոսքը, երբ հայտարարվեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրել է ՀՀ, Ղազարյանը պատասխանել է, որ դա թալան չէ։

«Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021թ-ին, 2021-ից հետո իրենք ասել են՝ պետք է հետ վերադարձնեք, մենք էլ հետ ենք վերադարձրել»,–ասել է նա։

Դիտարկմանը, որ եթե նրա սեփականությունն է՝ ինչո՞ւ է հետ վերադարձրել, Ղազարյանը պատասխանել է. «Հետո արդեն իրենց կապացուցենք, որ մերն է»։

Խոսելով բանկից գումարները պարկով դուրս բերելու տեսանյութի և այդ միջոցների աղբյուրի մասին՝ նա պարզաբանել է, որ դրանք ավանդային միջոցներ են եղել։

«Կարո՞ղ ա բանկը թալանել էինք, ավանդի գումարը տարել ենք, տվել»,–հավելել է նա։

Ի վերջո, անդրադառնալով այդ խոշոր գումարների ծագմանը՝ Ղազարյանը նշել է, որ ինքը ռուսաստանաբնակ ընկերներ ունի, որոնք էլ տրամադրել են այդ միջոցները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել դատարան, որը վերաբերում է ՊՆ–ին պատկանող՝ Իսակովի պողոտայի հողատարածքների ուղղակի վաճառքին, որով անցնում է նաև նրա երբեմնի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանը։