Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ընթացքում արձագանքել է դահլիճից հնչած դիտարկմանը, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում ԱՆԻՖ-ի շուրջ աղմկահարույց պատմությանը՝ հաշվի առնելով, որ դա անհանգստություն է առաջացրել ժողովրդավարությունը գնահատող քաղաքացիների մոտ։
«ԱՆԻՖ-ի պատմության հարցը՝ դուք որտեղի՞ց գիտեք։ Մամուլը որտեղի՞ց գիտի։ Պետությունը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Անդրադառնալով ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի հնչեցրած հայտարարություններին՝ Փաշինյանն ասել է, թե հենց տնօրենը հայտնվել է հետախուզաման մեջ, հիշել է՝ Փաշինյանը մեր հույսերը չգիտեմ ինչ է արել։
«Հիմա էլ ԱՆԻՖ-ի տնօրենը… Հենց այն պահին, երբ որ հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել։ Ու տենց… Լավ ա չի ֆայմել 4 ամիս առաջ այդ հայտարարությունն անել, որ հիմա միջազգային կազմակերպությունները հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ։ Ինչքա՞ն կարելի է»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ 2018-ից ի վեր երկրում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։
«Ես պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիան վերացել է, մինչև օրս չկա։ Եթե համակարգային կոռուպցիա լիներ, ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի։ Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ես ունե՞մ փայ, թե՞ չունեմ։ Ես գիտեմ՝ ունեմ, թե չունեմ փայ։ Չկա, չի եղել ու չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում։ Իսկ կոռուպցիա… Ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան»,–ասել է նա։
ԱՆԻՖ-ի նախկին գործադիր տնօրեն Դավիդ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։
ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերություը ներկայում լուծարման փուլում է։ 2024-ի մարտի 20-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որր շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել, ծրագիրը ձախողվել է։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր 4․8 մլրդ դրամ։






