Երևանում անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ից հետո ՀՀ–ում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։
Նա հավելել է, որ կոռուպցիայի դեմ իրենց հետևողական պայքարը հաճախ օգտագործվում է իշխանության դեմ, հայտնում է 1lurer.am-ը։
«Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է: Էլ չեմ ասում, որ չի կարելի երկու վերնագրով մարդկանց կախաղաններ ենք հանում հրապարակումներում: Տենց ո՞նց կլինի: Բա դա ժողովրդավարությո՞ւն է, ժողովրդավարությունն այդպե՞ս է»,–ասել է նա։
Փաշինյանը նաև շեշտել է, որ եթե համակարգային կոռուպցիա լիներ, բոլոր կոռուպցիոն դեպքերից նա իր փայը պետք է ունենար:
«Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում»,–ասել է նա։
Վերջում վարչապետը նշել է, որ թեև համակարգային կոռուպցիան վերացել է, առանձին կոռուպցիոն երևույթներ, ցավոք, կան աշխարհի շատ երկրներում։
«Իսկ կոռուպցիա, կոռուպցիոն ինչ-որ դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան: Գնումների համակարգը ինչքան էլ լավարկում ենք, անընդհատ պրոբլեմներ են ի հայտ գալիս»,- ասել է նա։






