AM
23 Սեպտեմբեր 2025 - 12:05 AMT

Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրել է ՀՀ–ին պատերազմում ներքաշելու մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք իրեն մեղադրում են 44-օրյա պատերազմը հրահրելու և Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու համար։

Փաշինյանը փոխադարձ մեղադրանքներ է հնչեցրել Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։

«Եթե մենք ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ։ Բա ինչո՞ւ չենք խոսել սրա մասին. եթե խոսել են, դավաճանություն է համարվել։ Մարդիկ, որոնք Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրենց քաղաքական գործունեության առաջին օրից, ներքաշել են քիչ չի, կեսից էլ փախել են, գնացել՝ իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել եք պատերազմի մեջ»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Փաշինյանը նաև հռետորական հարց է բարձրացրել՝ արդյոք Հայաստանը պատերազմի մեջ չի եղել 2019, 2018, 2017, 2016 և դրան նախորդած տարիներին։

«Բա այդ ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ»,- եզրափակել է նա։

Փաշինյանը նախկին նախագահների հայտարարություններին անդրադարձել է նաև ֆեյսբուքյան գրառմամբ։