AM
23 Սեպտեմբեր 2025 - 12:19 AMT

Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի, աշնանային նստաշրջանում, որը նախատեսված է անցկացնել Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։

ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են քննարկումներ Գազայի հատվածում լրագրողների կյանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողների ազատ արձակման ջանքերn ուժեղացնելու անհրաժեշտության շուրջ, հայտնում է Factor.am-ը։

Նիստերին ելույթ ունենալու են Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իան Բորգը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի նրանցից, խորհրդարանականների առջև կխոսի նաև Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը՝ ներկայացնելով իր երկրի ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ քննարկումը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անցկացնելու է հարցուպատասխանի հատուկ նիստ։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ հաջորդ հինգ տարվա համար։