AM
23 Սեպտեմբեր 2025 - 13:46 AMT

ԴՕԿ․ Վարդան Ղուկասյանը դեռ անազատության մեջ է՝ տարածվող կադրերը հին են

ԴՕԿ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, արձագանքելով համացանցում շրջանառվող տեսանյութին, որտեղ Վարդան Ղուկասյանն ասում է՝ վերադարձել է իր նախկին ապրելավայր ու սուրճ է խմում ԱՄՆ-ում։

Նշվում է, որ տարածվող տեսանյութը հին է։

«Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երևում է Վարդան Ղուկասյանը, իրականում նոր չէ․ այն նկարահանվել է մեկ տարի առաջ։ Խնդրում ենք բոլոր լրատվական հարթակներին և օգտատերերին հրապարակելիս պարտադիր նշել, որ տեսանյութը հին է։ Սա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ չմոլորվեն և փաստերը ճիշտ ընկալվեն»,–ասվում է գրառման մեջ։

Կուսակցությունը շեշտել է, որ սեպտեմբերի 12-ը եղել է միայն այն ժամկետը, որը դատավորը սահմանել էր կողմերի համար՝ գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու նպատակով։

«Սեպտեմբերի 12-ը միայն այն ժամկետն էր, որը դատավորը տվել էր կողմերին՝ գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար։ Դատավճիռը որոշում և հրապարակում է միայն դատարանը, և դրա օրը նախապես որևէ մեկը չի կարող ասել։

Այս պահին վճիռ չկա։ Երբ այն լինի, մենք անմիջապես կհայտնենք»,–ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կանոնների խախտման համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։

Բացի միգրացիոն կարգի խախտումից, դատարանը պետք է քննի նաև Հայաստանի գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացրած միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։