AM
23 Սեպտեմբեր 2025 - 13:53 AMT

Ղազարյան․ Ըստ Փաշինյանի հայտարարության՝ իրենք ամբողջ ընտանիքով ռազմական հանցագործներ են

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նա գրել էր. «ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։

Ղազարյանը նշել է, որ «ըստ Փաշինյանի հայտարարությունների՝ իրենք ամբողջ ընտանիքով ռազմական հանցագործներ են», գրում է «Փաստինֆոն»։

«Ապրիլյան պատերազմից հետո կամավորական ջոկատի կազմում՝ Մարտակերտի շրջանում, ՊԲ –ի հրամանատարության ներքո Նիկոլ Փաշինյանը իրականացրել է մարտական առաջադրանք։ Որպես Հայաստանի վարչապետ իրականացրել է բազմաթիվ այցելություններ Արցախի Հանրապետություն, որպես վարչապետ ՀՀ-ում ընդունել է Արցախի նախագահին, նրա հետ միջոցառումների է մասնակցել, իր որդին ծառայել է Արցախի ՊԲ-ում, ընդ որում կամավոր հիմունքներով, այսինքն, դիմում է գրել, որ ցանկանում է կամավոր ծառայել Արցախում։

44-օրյա պատերզմի ընթացքում ինքը մարտակոչեր է հնչեցրել, ռազմական գործողությունները ծավալվել են Արցախում, բայց ինքը Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է կայացրել և hայտարարել է համընդհանուր զորահավաք։ 2020 թ-ի հոկտեմբերի 6-ին մեկնել է Արցախ, այցի ընթացքում գտնվել է ՊԲ հրամանատարաշտաբային կետում, մասնակցել է պատերազմական գործողությունների ղեկավարման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին։

Իր կինը պատերազմի ընթացքում ստեղծել է կամավորական ջոկատ, ղեկավարել է այդ ջոկատը և իրականացրել է մարտական առաջադրանք։ Այսինբքն, ըստ իր այսօրվա հայտարարությունների՝ իրենք ամբողջ ընթացքում ռազմական հանցագործներ են։

Մինչդեռ ոչ Լևոն-Տեր-Պետրոսյանի, ոչ մյուս նախագահների գործողություններում հակասահմանադրական ու հակաօրինական ոչ մի բան չկա»,–ասել է Ղազարյան

ը։ Ինչ վերաբերում է Ալմաթիի հռչակագրին, ապա ըստ Ղազարյանի, դա անկախություն ձեռք բերած ՀՀ–ի որոշումն է՝ միանալ ԱՊՀ –ին, որը ստեղծվել է ոչ թե Ալմաթիի հռչակագրով այլ ավելի շուտ։

«Հայաստանն ընդամենը այդ փաստաթղթով անդամակցել է այդ կազմակերպությանը։ Դրանից հետո Հայաստանն անդամակցել է մի շարք այլ կազմակերպություններին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, և ամեն կազմակերպության անդամակցությունը չի նշանակում որևէ խնդիր ՀՀ-ի համար»,-ասել է Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրել է ՀՀ–ին պատերազմում ներքաշելու մեջ։ Նա գրել է. «Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»։ Այնուհետև հավելել է, թե «բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ և ՌՍ»։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր գրառման մեջ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»։ Նա նշել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։