AM
23 Սեպտեմբեր 2025 - 14:07 AMT

Աջապահյանի գործով վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին. Նա ասել է՝ շնորհակալ է, որ մեղադրյալի աթոռին է

Դատարանը փակվել է խորհրդակցական սենյակում՝ Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով դատավճիռ կայացնելու համար։ Ըստ որոշման՝ վճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 24–ին՝ ժամը 17:30-ին։

Աջապահյանը դատական նիստում ունեցած եզրափակիչ ելույթում նշել է, որ շնորհակալ է Աստծուն, որ գտնվում է մեղադրյալի աթոռին։ Նրա խոսքով՝ սա ամենաշահեկան տեղն է իր համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինչի՞ համար եմ ես հիմա այստեղ կանգնած ու կանգնած եմ որպես մեղադրյալ։ Որովհետև 92-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ զրոյացրել է 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։

Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որ այնտեղ նստած տվայտում է էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն էլ երբեք չունեմ։ Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է»,–ասել է նա։

Նա շեշտել է, որ գործող իշխանության պայմաններում մեղադրյալի աթոռին գտնվելը համարում է պատիվ, ուրախություն և երջանկություն։

Ինչ վերաբերում է իր խոսքերի համար զղջալուն կամ ներողություն հայցելուն՝ Աջապահյանը հայտարարել է՝ ինչ ասել է, լավ է արել։ Դիմելով մեղադրող կողմին էլ ասել է՝ նրանց չի ներելու, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ են անում և կայծակներ են կուտակել իրենց գլխին։

«Չեմ ասելու՝ մի՛ արա, Տե՛ր, ասելու եմ՝ Տե՛ր, դատի՛ր ըստ արդարության։ Եթե ես իրոք մեղավոր եմ, իմ վրա իջեցրու կայծակները, բայց եթե ես անմեղ եմ․․․»,–նշել է նա։

Աջապահյանը նաև նշել է, որ չնայած մեղադրանքներին՝ չի լցվել ատելությամբ․ ավելի շատ խղճահարություն է զգում նրանց հանդեպ, ովքեր, ունենալով մեծ հնարավորություններ, զբաղված են «ոչնչով»։

Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։