Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, հայտնում է ՆԳՆ–ն։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհերից մեկը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել: Երրորդ անձին վիրահատում են, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, գրում է Civik.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցած հարձակումն ու սպանությունները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,–ասվում է գրառման մեջ։
Քրեական գործ է նախաձեռնվել Մերձավանի հրաձգության արդյունքում տեղի ունեցած սպանությունների դեպքով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է 1lurer.am-ը։
ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) հատկանիշներով քրեական վարույթն իրականացվում է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի կողմից։
Նախաքննության փուլում որոշվել է անցկացնել դատաբժշկական փորձաքննություններ։
Իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները։
Գրիգորյանն «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր։ Նա Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է






