AM
24 Սեպտեմբեր 2025 - 06:31 AMT

Փաշինյան. Խստորեն դատապարտում եմ Մերձավանում լկտի զինված հարձակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով զոհվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,–ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։