AM
24 Սեպտեմբեր 2025 - 06:42 AMT

«Ապրելու երկիր»․ Սպանվել է մեր լավագույն ընկերը

«Ապրելու երկիր» կուսակցությունն անդրադարձել է իր անդամ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավան բնակավայրում։

«Սպանվել է մեր լավագույն ընկեր, բացառիկ հայրենասեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Աստված հոգին լուսավորի…»,- ասվում է գրառման մեջ։

Վալոդյա Գրիգորյանը Փարաքարի համայնքապետ էր ընտրվել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2025–ի ապրիլին։ Համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվել են 2025 թվականի մարտի 30-ին։ Քվեարկության արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Միասնություն» դաշինքին, որի ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա 4 երեխայի հայր է։