AM
24 Սեպտեմբեր 2025 - 06:50 AMT

Սիմոնյանը հանդիպել է իսպանական FESEI հիմնադրամի ղեկավարության և ուսանողների հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundación de Estudios Estratégicos e Internacionales)՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հիմնադրամի ուսանողների խումբ, ովքեր ունեցել են հնարավորություն՝ ուղղելու հարցեր ՀՀ ԱԺ նախագահին։

Քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։