Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:
«Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը:
ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նման բնույթի ծանր հանցագործությունները խաթարում են հանրային անվտանգությունը և լուրջ սպառնալիք են ներկայացնում իրավական պետության հիմնասյուների համար։
ՄԻՊ-ն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհված անձանց հարազատներին և ընտանիքներին։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով արձանագրվել է երկու զոհ և մեկ վիրավոր։ Զոհվածներից մեկը՝ Վալոդյա Գրիգորյանը, հանդիսացել է Փարաքար համայնքի ղեկավար։
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ երկրորդ զոհը եղել է Քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, ով այդ պահին չի գտնվել ծառայության մեջ։ Սարգսյանի փոխանցմամբ՝ Աբրահամյանը մտերիմ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ և նրա կողքին է եղել զինված հարձակման պահին։






