AM
24 Սեպտեմբեր 2025 - 09:01 AMT

Թաթոյան․ Երկրում նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությանը, գրել է, որ «երկրում նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը»։

«Հաշվի առնելով հրապարակումներն այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:

Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։

Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն»,–գրում է նա։

Թաթոյանը հավելել է, որ սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝ բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները:

«Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում:

Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:

Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»,–ասվում է գրառման մեջ։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ընդդիմադիր դիրքերում հանդես գալը նիկոլական համակարգում այժմ կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքական հետապնդման, այլ նաև մահվան»։

«Սպանության եղանակն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ամբողջ ցինիզմը. հանցագործ(ներ)ը Գրիգորյանին գնդակահարել են իր տան բակում՝ կեսգիշերին։

Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,–ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։