Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակմանը, որի հետևանքով մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը։
«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին: Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս դատապարտել էր զինված հարձակումը և կոչ արել իրավապահ մարմիններին՝ շուտափույթ հայտնաբերել հանցագործության մասնակից բոլոր անձանց։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։






