AM
24 Սեպտեմբեր 2025 - 09:37 AMT

Ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված մեքենան այրած օտարերկրացուն

Սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 6:14-ին, օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել զանգ, որի ընթացքում քաղաքացին հաղորդել է, թե Երևանի Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Հայտնաբերվել է, որ հրկիզվել է նույն փողոցի բնակչուհի՝ 30 տարեկան մի կնոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինս ներկայացրել է հաղորդում, և դեպքի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Տոյոտան» այրել է օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը։ Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։