Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում 87 տարեկանում մահացել է հանրահայտ իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։ Ինչպես սեպտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է նրա ներկայացուցիչ Լորան Սավրին AFP գործակալությանը, նա մահացել է իր երեխաների շրջապատում։
Թունիսում ծնված դերասանուհին, որ ուներ ֆրանսիական և իտալական արմատներ, հանդես է եկել ավելի քան 150 ֆիլմում։ Նա ներշնչանքի աղբյուր է եղել Ֆեդերիկո Ֆելլինիի և Լուկինո Վիսկոնտիի նման ռեժիսորների համար, գրում է Deutsche Welle-n:
Հայ հանդիսատեսին Կարդինալեն հայտնի է առավելապես Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսի մոր դերակատարմամբ։
2010 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Կարդինալեն այցելել է Հայաստան։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսսանդրո Ջուլին նշել է, որ Կարդինալեն «բոլոր ժամանակների ամենահզոր իտալացի դերասանուհիներից մեկն էր»։
Կլաուդիա Կարդինալեն ծնվել է 1938 թվականի ապրիլի 15-ին՝ Թունիսի մոտակայքում գտնվող Լա Գուլեթ քաղաքում։ 17 տարեկանում նա հաղթել է գեղեցկության մրցույթում՝ ճանաչվելով «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին» և որպես պարգև ստացել է ուղևորություն Վենետիկի կինոփառատոն։ Այնտեղ նա անմիջապես գրավել է մի շարք ռեժիսորների ուշադրությունը։
1960-ականների սկզբին Լուկինո Վիսկոնտին նրա մասնակցությամբ նկարահանել է «Ռոկկոն և նրա եղբայրները» և «Ընձառյուծը» ֆիլմերը։ Կարդինալեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել նաև Սերջիո Լեոնեի «Մի անգամ Վայրի Արևմուտքում» վեստեռնում խաղացած դերով։ Ամերիկյան հանրությունը նրան առավելապես հիշում է «Վարդագույն հովազը» ֆիլմից։
Իր կարիերայի ընթացքում Կլաուդիա Կարդինալեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե առյուծ» Վենետիկի կինոփառատոնում՝ 1993 թվականին, և «Ոսկե արջ» Բեռլինի կինոփառատոնում՝ 2002 թվականին։






