«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Մերձավանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ ընդգծելով, որ որ ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, իսկ իշխանություններն անհասկանալի է` ինչով են զբաղված։
«Այս սպանությունը միայն մի դեպքում կարող է չբացահատվել` եթե ցանկություն չլինի»,- հայտարարել է Թանդիլյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այսօր իշխանությունները զբաղված են իրենց սեփական անվտանգությունն ապահովելով և իրական հանցագործներին փողոցում թողնելով, ֆեյք սարքած դատավարություններով և մարդկանց ձերբակալելով։ Էս մարդիկ իրենց տեղում չեն, եթե այս հանցագործությունը չբացահայտվեց, ուրեմն իրենք դեռ երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Ոչ ոք արժանի չէ, բայց Վալոդյայի ընտանիքն անձամբ եմ ճանաչում ու համեստության տիպար էին, ինքը Վալոդյան շատ համեստ էր, մեր լավ ընկեր էր։ Այն, ինչ իր հետ կատարվել է, չի ներվելու, և իրենք պիտի բացահայտեն ապացուցելու, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- ասել է Թանդիլյանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը չի ներվել ընտրություններից հետո, Թանդիլյանը արձագանքել է, որ իրավապահ համակարգը պետք է գնահատական տա։ Նրա խոսքով՝ Վալոդյան իրեն վենդետայի վտանգի մասին երբևէ չի խոսել։
«Դա իրականում հետևանք է անարդարության, երբ որ իրական ոստիկանությունը զբաղված չէ իր գործով և արդարադատությունը չի վերականգնվում և պարզ չէ, թե ինչ է կատարվել։ Վալոդյայի հետ նաև զոհվել է իր ընկերը` ոստիկան, այսինքն՝ ոստիկաններն անգամ ի վիճակի չեն հասկանալու՝ ինչ է կատարվում։ Իհարկե, կապի մեջ եղել են Վալոդյայի հետ, բայց նա ամբողջությամբ ընկղմված էր Փարաքար համայնքի զարգացման գործերով, ընդհանրապես այլ բանով զբաղված չէր օր ու գիշեր»,- ասել է նա։
Այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում է իրականացվել, որի արդյունքում մահացել է նրա զարմիկը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեկ այլ անձ՝ վիրավորվել։ Այդ հարձակման մասնակիցների թվում հիշատակվել է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Մանե Թանդիլյանը նշել է, որ ինքը չի կարող գնահատական տալ, արդյոք սա նախկին սպանության շղթայի մի մաս է։ Նրա գնահատմամբ` այս դեպքը չի բացահայտվի, եթե ցանկությունը չլինի բացահայտելու։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ կատարվածը բոլորի համար անսպասելի ու անբացատրելի է եղել։
«Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, որովհետև օր ու գիշեր լծված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպումներով»,- նշել է Առաքելյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նաև անձնական ողբերգություն է, քանի որ վերջինս եղել է իր մտերիմ ընկերը։
Առաքելյանը վստահեցրել է, որ Գրիգորյանը երբեք հակասություններ կամ խնդիրներ չի ունեցել որևէ մեկի հետ։
Նա նաև զարմանք է հայտնել, որ համայնքում նախկինում տեղի ունեցած սպանությունից հետո կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի հետևանքով այժմ փողոցում սպանվել են թե՛ համայնքի ղեկավար, թե՛ ոստիկան։
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանն ու քրեական հետախուզության աշխատակից Կարեն Աբրահամյանը, ով տվյալ պահին չէր կատարել ծառայողական պարտականություններ։ Կրակոցներից վիրավորվել է Արծրուն Գալստյանը, որի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, և կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ ՆԳՆ մամուլի խոսնակի՝ կրակահերթ արձակած անձը եղել է դիմակով և ձեռնոցներով։ Նա մոտեցել է երեք կանգնած անձանց, կրակել է և հեռացել։
Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքարի համայնքապետ 2025 թվականի մարտի 30-ին անցկացված արտահերթ ավագանու ընտրությունների արդյունքներով։ Նա գլխավորել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում եղել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Վալոդյա Գրիգորյանը եղել է 42 տարեկան, ունեցել է չորս զավակ։ Կարեն Աբրահամյանը՝ երկու։






