ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում՝ իր 80-ամյակին նվիրված գիտաժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանավեճին՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանը հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի։
«Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռք տակ են։ Այդ մասին հարյուր անգամ ասել եմ։ Եթե հրապարակի, վեճն արդեն վերջացած կլինի, քանի որ ամեն ինչ այնտեղ ասված է»,– ընդգծել է ՀՀ առաջին նախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։
Դիտարկմանը, որ Փաշինյանն ամեն ինչ մանիպուլացնում է ու անգամ եթե հրապարակի այդ փաստաթղթերը, մեղքը, միևնույնն է, էլի Տեր–Պետրոսյանի վրա է գցելու, ՀՀ առաջին նախագահն անվրդով արձագանքեց. «Թող գցի»
Հարցին, թե արդյոք Փաշինյանը համարվում է իր «հոգեզավակը», Տեր-Պետրոսյանն արձագանքեց, որ նման հայտարարություն ինքը երբեք չի արել․ «Դա ուրիշներն են ասում, ես ասե՞լ եմ, որ նա իմ հոգեզավակն է։ 2008 թվին իմ կողքն այնքան մարդ էր կանգնած…Այն ժամանակ իրենք բոլորը, այդ թվում` Նիկոլը, շատ լավ էլ աշխատեցին»։
Նա նաև անդրադարձել է 2018 թվականի իր կողմից կատարված գնահատականներին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը հեղափոխության վերաբերյալ եղել է իրադարձությանը տրված բնական արձագանք։
«2018 թվականի հեղեղն էլ ինչպես պիտի գնահատեի, դա այնպիսի մի փոթորիկ էր… Մարդը հաջողեց, ու դա պետք է գնահատես. ինչ նպատակ դրել էր, հասավ։ Լավ ու վատ չեմ ասում (խոսքը նախկին իշխանություններից ազատվելու մասին էր–խմբ.)»,– ընդգծել է Տեր–Պետրոսյանը։
ՀՀ առաջին նախագահը նշել է, որ Փաշինյանն ինքն է փոշիացրել Ղարաբաղյան կարգավորման բոլոր հնարավոր փուլային և փաթեթային մոտեցումները՝ Ստեփանակերտում արված իր հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչը, ըստ Տեր-Պետրոսյանի, հանգեցրել է պատերազմի։
Նա շեշտել է, որ վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը որևէ աղերս չունի իր կողմից տարիներ առաջ առաջ քաշված մոտեցումների հետ։
«Ոչ մի կապ չունեն Ղարաբաղյան` իմ ու իր վարած քաղաքականությունները, բացարձակապես ոչ մի կապ չունեն»,– վստահեցրեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառումներով ՀՀ նախկին 3 ղեկավարին կրկին մեղադրել է ընտրությունները կեղծելու, Հայաստանի 3–րդ հանրապետությունն անդունդի մեջ ներքաշելու մեջ։ Փաշինյանը մեղադրել է ՀՀ նախագահներին 18–ամյա զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս սահման պահել ստիպելու համար։ Վարչապետը կրկին հրավիրել է նախագահների բանավեճի։ ՀՀ երեք նախագահների գրասենյակները կոշտ են արձագանքել։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր գրառման մեջ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»։ Նա նշել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։






