AM
24 Սեպտեմբեր 2025 - 11:52 AMT

Ղուկասյան. Իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով՝ սպանությունները կանխելու փոխարեն

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ Մերձավանում կատարված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն ապացույցն է այն խորը ճգնաժամի, որն այսօր առկա է իրավապահ համակարգում և ամբողջ երկրում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հավելել է, որ ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող «համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների»։

«Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործներության և անպատժելիության վկայությունն է։ Փաստացի՝ երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք։

Խստորեն դատապարտում եմ Մերձավանի համայնքապետ Վալորդյա Գրիգորյանի սպանությունը՝ հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված մահափորձը, որին զոհ գնացին իմ 4 ընկերները, ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

Քաղաքական պատվերով այս հանցագործությունը, ցավոք, ծնեց նորերը։

Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատներին և Մերձավանի բնակիչներին»։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։