Սեպտեմբերի 22-ին Չինաստանի դեսպանությունը Պեկինի China World հյուրանոցում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին։
Միջոցառմանը մասնակցել են «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև Չինաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, տարբեր երկրների Պեկինում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական ոլորտի ճանաչված գործիչներ և Չինաստանում բնակվող ու սովորող հայեր։
Չինական կողմից պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։ Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը իր ելույթում ջերմորեն շնորհավորել է ՀՀ անկախության տոնը՝ նշելով, որ Չինաստանը անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով։
«Չինաստանը՝ որպես լավ բարեկամ և գործընկեր, անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով»,– հայտարարել է Լյու Բինը՝ ընդգծելով, որ Պեկինը պատրաստ է խորացնել հարաբերությունները, դիտարկելով ռազմավարական գործընկերությունը որպես նոր հնարավորություն՝ ամրապնդելու քաղաքական վստահությունն ու ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը։
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ իր ողջույնի խոսքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է դիվանագիտական կապերի բազմազանեցումն ու հավասարակշռումը՝ ելնելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից ու խաղաղ համակեցության գաղափարից։
Դեսպանը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Թիենծին քաղաքում կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը՝ հայ-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը վկայում է երկկողմ հարաբերությունների խորացման և միմյանց ռազմավարական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Ըստ դեսպանի՝ համատեղ հայտարարությունն ամփոփում է հայ-չինական համագործակցության արդյունքները և ձևակերպում նոր հավակնոտ նպատակներ, որոնք կոչված են հարաբերություններին նոր իմաստ և հեռանկար հաղորդելու։ Վահե Գևորգյանը նաև հատուկ ընդգծել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շրջանակում գործընկերության կարևորությունը։
Միջոցառման պաշտոնական հատվածից հետո հնչել են երաժշտական կատարումներ՝ Պեկինում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի հաղթողների կատարմամբ, ինչին հաջորդել է հյուրասիրություն։






