Արցախի նախկին պետնախարար և «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ եթե հրաժարվենք Արցախ վերադարձի իրավունքից՝ կլինի հայոց պետականության անկում։ Այդ մասին նա ասել է «Ի՞նչ կլինի, եթե հայ ժողովուրդը հրաժարվի Արցախ վերադառնալու, հայրենիքը վերադարձնելու գաղափարից ու նպատակից» թեմայով կազմակերպված համաժողովում ելույթի ժամանակ, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ հրաժարումը կնշանակի, որ հրաժարվում ենք մեր հավաքական իրավունքներից, մեր հայրենիքից, մեր ժառանգության, մեր անհատական իրավունքների հանդեպ պատասխանատվությունից։
«Եթե իշխանությունների տրամաբանությամբ շարժվենք, որ ասում են բախումնային տրամաբանությունից խուսափենք, ապա օրինակ, Սյունիքը վերցնելու, գրավելու պարագայում կրկին կարող ենք ասել՝ եկեք Սյունիքից հրաժարվենք, որ լավ ապրենք։ Սա, բնականաբար, և՛ անվտանգային մեծ ռիսկեր է առաջացնում, և՛ հոգեբանական, ազգային դիմադրողականության մեծ ռիսկեր է առաջացնում երկարաժեմկետ առումով։ Եթե ավելի նեղացնենք այս հարցը, ապա այն արցախցիների հիմնարար իրավունքների հարցն է, եթե ավելի լայն նայենք, մենք կարող ենք առերեսվել ցեղասպանության նոր փուլերի»,-ասել է Բեգլարյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






