Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանի կողմից ճանաչվել է մեղավոր։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որը նախագահել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթացող գործը, հրապարակել է վերդիկտը։
Դատարանի կողմից գնահատվել է, որ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները բավարար են հիմնավորելու, թե Միքայել Սրբազանը լրատվամիջոցների միջոցով հեղաշրջման կոչեր է հնչեցրել, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատարանը որոշել է Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, հայտնում է Factor.am-ը։
Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ՝ դատավճիռ կայացնելու համար։ Մեղադրական վերդիկտի դեպքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը: Այսինքն՝ երկշաբաթյա ժամկետում կորոշվի նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատժի հարցը:
Սեպտեմբերի 23–ին կայացած եզրափակիչ նիստի ժամանակ սրբազանը հանդես է եկել իր վերջին խոսքով՝ ասելով. «Ես երջանիկ եմ և փառք եմ տալիս Աստծուն, որ մեղադրյալի աթոռին եմ»։
Սրբազանի պաշտպաններն ամբողջ դատական գործընթացի ընթացքում, այդ թվում՝ իրենց եզրափակիչ ելույթներում, պնդել են. «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից կոչ չի եղել»։
Միքայել Սրբազանի գործով առաջին դատական լսումը կայացել է օգոստոսի 15-ին։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել այն հոդվածով, որը վերաբերում է իշխանության յուրացմանը, սահմանադրական կարգի ուժով տապալմանը, տարածքային ամբողջականության խախտմանը, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ նման բովանդակությամբ հրապարակային կոչերին։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Մեղադրանքի համաձայն՝ որպես արքեպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորական և Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Սրբազանը պարբերաբար հանդես է եկել հրապարակային հայտարարություններով՝ օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները։ Ունենալով բազմաթիվ հետևորդներ՝ նա, ըստ մեղադրանքի, ունեցել է հասարակական վարքագիծը ձևավորելու զգալի ազդեցություն։ Տարբեր հարցազրույցների ընթացքում՝ 2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին, նա արտահայտվել է իշխանությունը յուրացնելու կոչերով՝ արտահայտելով իր անհամաձայնությունը ՀՀ կառավարության արտաքին և ներքին քաղաքականության նկատմամբ։






