Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Նրանք քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






