AM
25 Սեպտեմբեր 2025 - 06:57 AMT

Մոնղոլիայի հետ վիզային համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն․ Արձանագրություն է ստորագրվել

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:

Նախարար Միրզոյանն ընդգծել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։

Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։