AM
25 Սեպտեմբեր 2025 - 08:10 AMT

Աբրահամյան․ Ստեփանակերտի պայթյունից 2 տարի անց հիմնական հարցերի պատասխանը չկա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ստեփանակերտի պայթյունից 2 տարի անց հիմնական հարցերի պատասխանը չկա, իսկ ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը մինչև հիմա լուռ է։

«2 տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում:

Այս պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին` ադրբեջանական հարվածից, ահաբեկչությունից մինչև անվտանգության կանոնների խախտում, սակայն մինչ այժմ այս թեմայի հետ կապված որևէ պարզաբանում, հստակեցում, առավել ևս` պատասխանատուների շրջանակ չկա:

Նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն քննությունը մինչև հիմա արդյունք չի տվել և հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ո՞վ/ովքե՞ր են սրա համար պատասխան տալու:

Մինչև հիմա լուռ է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչ օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության և ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին»,– գրել է Աբրահամյանը։

2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ Արցախում սկսվել էր զանգվածային արտագաղթը, Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ հուժկու պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 218 զոհ, 120 վիրավոր, 21 անհետ կորած։