Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ուսումնասիրությունները հաստատվել են դեղակայուն Candidozyma auris սնկի արագ տարածումը եվրոպական հիվանդանոցներում: ECDC–ն կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել։
Վարակը լուրջ սպառնալիք է ներկայացնում պացիենտների և առողջապահական համակարգերի համար: Դեպքերի թիվն աճում է, բռնկումների մասշտաբները մեծանում են, և մի քանի երկրներ հայտնում են շարունակական տեղական վարակի փոխանցման մասին: Արդյունքներն ընդգծում են վարակի վաղ հայտնաբերման և փոխանցման դեմ պայքարի կարևորությունը՝ արագ տարածումից խուսափելու համար, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
Candidozyma auris սունկն առողջապահական հաստատություններում տարածվելու միտում ունի, հաճախ դրսևորում է կայունություն հակասնկային բուժման միջոցների նկատմամբ և կարող է առաջացնել ծանր բարդություններ ունեցող պացիենտների մոտ վտանգավոր վարակներ։ Այն ունակ է պահպանվել տարբեր մակերեսների և բժշկական սարքավորումների վրա, ինչպես նաև հեշտությամբ փոխանցվում է հիվանդներից մեկից մյուսին՝ ինչը զգալիորեն բարդացրել է վարակի վերահսկումը։
2013-2023 թվականներին Եվրամիության երկրները գրանցել են ավելի քան 4000 դեպք, ընդ որում՝ 2023-ին վարակների թիվը կտրուկ աճել է 18 երկրներում՝ հասնելով 1346-ի։ Հիմնական բռնկումներն արձանագրվել են Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում և Գերմանիայում, որոնք կազմել են վերջին տասնամյակի դեպքերի գերակշռող մասը։
Վարակման վերջին բռնկումները տեղի են ունեցել Կիպրոսում, Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ Հունաստանը, Իտալիան, Ռումինիան և Իսպանիան հայտարարել են, որ այլևս հնարավոր չէ առանձնացնել առանձին բռնկումներ՝ վիրուսի տարածման տարածաշրջանային կամ ազգային ընդգրկման պատճառով։ Այս երկրներից մի քանիսում սնկի տեղական տարածումը հաստատվել է ընդամենը մի քանի տարի անց առաջին դեպքի հայտնաբերումից, ինչը ընդգծել է դրա կանխարգելման վաղ միջամտությունների կարևորությունը։
Թեպետ որոշ երկրներ հաջողության են հասել C. auris-ի տարածման սահմանափակման գործում, շատերը շարունակում են կանգնել լուրջ խնդիրների առջև։ Չնայած դեպքերի շարունակական աճին՝ ուսումնասիրությանը մասնակցած 36 երկրներից միայն 17-ում է գործում C. auris վարակի դեմ Ազգային կառավարման համակարգ։ Միայն 15 երկրներում են մշակվել հատուկ ազգային ուղեցույցներ՝ վարակի կանխարգելման ու վերահսկման համար։ Լաբորատոր հզորությունները համեմատաբար բարձր են․ 29 երկիր հայտնել է սնկաբանության ոլորտում տեղեկատու կամ փորձագիտական լաբորատորիայի հասանելիության մասին, իսկ 23 երկիր ապահովում է թեստավորման հնարավորություններ՝ նախատեսված հիվանդանոցների համար։
Թեպետ C. auris վարակի դեպքերի աճն ակնհայտ է, համակարգված վերահսկողության և պարտադիր հաշվետվությունների բացակայության պայմաններում խնդրի իրական ծավալը մեծ հավանականությամբ թերագնահատված է։
2018-ից ի վեր ECDC-ն պարբերաբար կատարել է համաճարակաբանական իրավիճակի, լաբորատոր կարողությունների և C. auris-ին վերաբերող պատրաստվածության գնահատում՝ իրականացնելով չորս տարբեր ուսումնասիրություն և հրապարակելով գործառնական ռիսկերի վերլուծություններ, ներառյալ՝ վարակի կանխարգելման ու վերահսկման տարբեր եղանակները։
Այս բոլոր միջոցառումներն ուղղված են Candidozyma auris սնկի բռնկումների կանխմանը կամ տեղայնացմանը, դրա հետագա տարածման խոչընդոտմանը, ինչպես նաև անդամ երկրներին տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն։






