AM
25 Սեպտեմբեր 2025 - 09:11 AMT

ՀՀ և Իսպանիայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են TRIPP ծրագիրը

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները:

Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:

Սենատի նախագահը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ Իսպանիան ակնկալում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը։ Նա հավելել է, որ խաղաղությունը այլընտրանք չունի։

Ալեն Սիմոնյանն իր հերթին գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում պահվող գերիների և ապօրինի կալանավորված անձանց խնդրին՝ միաժամանակ ընդգծելով անհետ կորածների հարցի արդիականությունը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։