Բագրատ Սրբազանը կալանավայրից իր գրած ուղերձում ցավակցություն է հայտնել սպանության զոհ դարձած Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի ընտանիքներին։
Նա նշել է, որ մինչ օրս հիշում է Գրիգորյանի հետ իրխոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, հայտնում է Auroranews.am-ը։
«Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։
Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։ Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։ Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր»,- գրել է Սրբազանը։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։






