AM
25 Սեպտեմբեր 2025 - 09:31 AMT

ՇՄ նախարարը Ռոդրիգեսին հրավիրել է դիտարկելու COP17-ի կազմակերպչական աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (GEF) գործադիր տնօրեն և նախագահ Կառլոս Ռոդրիգեսի, հրավիրել նրան դիտարկելու COP17-ի կազմակերպչական աշխատանքները։

Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունն ու առաջնահերթ ուշադրություն դարձնել COP17-ի նախապատրաստական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

Հանդիպման ժամանակ նախարարը խոսել է Հայաստանի և ԳԷՀ-ի միջև ձևավորված երկարաժամկետ արդյունավետ գործընկերության մասին։ Նա մանրամասնել է այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում նպաստել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի զգալի բարելավմանը, նոր տարածքների ստեղծմանը, ինչպես նաև առաջընթաց են ապահովել էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության, գյուղատնտեսական կայուն զարգացման, կարողությունների ամրապնդման ու վտանգավոր թափոնների կառավարման ոլորտներում։

Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունները ոչ միայն նպաստել են Հայաստանի բնապահպանական ենթակառուցվածքների զարգացմանը, այլև բարձրացրել են հասարակական իրազեկվածությունն ու միջազգային համագործակցության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ։

Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կառլոս Ռոդրիգեսին՝ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանին ցուցաբերած շարունակական և էական աջակցության համար։

Ի պատասխան՝ Ռոդրիգեսը վերահաստատել է ԳԷՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովը (COP17) կայանալու է Հայաստանում 2026 թվականին։