Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից», և կոչ է արել մասնակցել ԱԺ մոտ սեպտեմբերի 26-ի հավաքին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ապրում ենք այնպիսի օրեր, երբ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն գալիս է ապացուցելու գիտակից և հայրենատեր քաղաքացիների շրջանում վաղուց արդեն համոզմունք դարձած ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նրա համոզմամբ՝ սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ, սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով։
«Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, անհապաղ գործելու ժամանակն է:
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։
Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։ Օր առաջ»,–ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ։ Այդ մասին ասվում է ԱԺ պաշտոնական կայքում։ Քննարկման առարկա է լինելու խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։«Արթուն ենք» շարժումը հանրահավաք կանցկացնի Բաղրամյան փողոցում ԱԺ–ում լսումների օրը:






