AM
25 Սեպտեմբեր 2025 - 11:44 AMT

Գալյան․ Քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով անձնագրային կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշման քննադատություններին, հարց է տվել, թե քանի անգամ են անձնագիրը բացում ու կնիքը նայում։

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Գալյանի համար Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է, երբ Զեյթուն համայնքից գալիս է աշխատանքի ու եղանակը պարզ է լինում, իր օրը շատ լավ է սկսում։

«Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշել է նախարարը։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։