AM
25 Սեպտեմբեր 2025 - 11:47 AMT

Մերձավանում կրակոցներից վիրավորված Գալստյանը գիտակցության է եկել․ Նրան հարցաքննել են

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած կրակոցներից հետո վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Քննչական կոմիտեից, հայտնում է 1Lurer.am-ը։

«Գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– հայտնել են ՔԿ-ից:

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանությանը հաղորդում էր ստացվել Մերձավանում կրակոցների մասին։ Դեպքի հետևանքով տեղում զոհվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։

Ավելի վաղ հաստատվել էր, որ կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպի առնչությամբ խիստ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել՝ շեշտելով․ «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։