Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։
Ըստ նրանց՝ այս շարունակական երկխոսությունը ամուր հիմք է ձևավորել տարբեր միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակում։
Տարածաշրջանային իրավիճակի քննարկման ընթացքում նախարար Արարատ Միրզոյանը հատկապես կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի և հիմնարար սկզբունքների վրա հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։
Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Նրանք քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները:






