AM
25 Սեպտեմբեր 2025 - 12:28 AMT

Նախարարը՝ Մերձավանում սպանության մասին․ Պետությունը չի կարող ամեն ինչ կանխել

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անցել է մեկ օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել հանցագործության կատարողներին, որևէ մեկը ձերբակալված չէ։ Լրագրողները կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվել են՝ արդյոք այդ հանգամանքը չի վկայում համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի մասին։

«Աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է որոշ ժամանակ սպասենք: Պետք է սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի արդյունք ունենանք»,-ասել է նա, գրում է ՍիվիլՆեթը։

Անդրադառնալով հարցին, արդյոք հնարավոր չէ՞ր կանխել այդ հանցագործությունը՝ նախարարն ասել է, որ պետությունը չի կարող բոլոր հանցագործությունները կանխել:

«Մենք դեռ չգիտենք, թե հանցագործություն կատարած անձիք ովքեր են, պատվիրատուներն ովքեր են, եթե կան այդպիսիք, չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, կապվա՞ծ է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ: Մենք չունենք որևէ ելակետ, որպեսզի քննարկենք պատճառները, կամ ասենք, թե այսինչ մարդիկ իրենց գործում թերացել են՝ դեպքը կանխելու համար»,- ասել է Գալյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե նման սպանությունները հասարակության մեջ անապահովության զգացողություն են ստեղծում, նախարարն արձագանքել է՝ ասելով, թե քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու։

«Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, քանի որ մինչ այս պահը համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել: Իսկ առանձին դեպքեր եղել են, կան և մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ լինելու են»,–ասել է նա։

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վստահեցրել է, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած սպանությունները քաղաքական պատվերով չեն իրականացվել։

«Կպարզվի, մեղավորները պատասխան կտան», – լրագրողների հետ զրույցում ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Խաչատրյանը հավելել է, որ սպանված Վալոդյա Գրիգորյանն իր մտերիմ ընկերներից մեկն է եղել։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքն իրեն պատասխանատու է զգում մարզում ստեղծված իրավիճակի համար, մարզպետը պատասխանել է. «Այո՛, իհարկե»։

Նրա խոսքով՝ դեպքից հետո այցելել է Մերձավան, հանդիպել Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ և իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնել։

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը եղել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, իսկ երկրորդ զոհը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ սպանված ոստիկանը տվյալ պահին ծառայության մեջ չի եղել և Վալոդյա Գրիգորյանի հետ գտնվել է անձնական, ընկերական շրջանակում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաստատվել է նաև, որ նրանց հետ գտնված երրորդ անձը վիրավորվել է, ենթարկվել վիրահատության, և այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։