Դատախազը պահանջել է «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արդարացման վճիռը բեկանել։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացման վճիռ է կայացրել։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ մեղադրող Հայկ Ավետյանը պահանջել է բեկանել արդարացման որոշումը և գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար, հայտնում է «Փաստինֆոն»։
Բողոքը ներկայում քննում է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, կազմում՝ Լուսինե Ալավերդյան և Կարեն Հովհաննիսյան։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին՝ իրենց հեղինակային հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած գնահատականներից հետո։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Այս գործն առավելապես քննադատվել է իրավապաշտպանների և լրագրողական համայնքի կողմից՝ որպես խոսքի ազատության սահմանափակում։






