Հայաստանը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու է փոխվարչապետի մակարդակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը՝ նշելով, որ համաժողովին ԱՊՀ անդամ երկրների մեծ մասը ներկայանալու է կառավարության ղեկավարների մակարդակով և ֆիզիկապես ներկա կլինի։
«Մենք սպասում ենք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներին։ Նրանցից գրեթե բոլորը կլինեն այստեղ առկա ձևաչափով և ներկայացված կլինեն կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Փոխվարչապետի մակարդակով կայանալիք հանդիպումներին կմասնակցեն Հայաստանը և Թուրքմենստանը», – ասուլիսի ժամանակ ասել է փոխարտգործնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից աստատել են այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ փոխվարչապետը նախատեսում է նիստին մասնակցել հեռակա՝ առցանց ձևաչափով։
Սեպտեմբերի 30-ին Մինսկում նախատեսված է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։






