Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25–ին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Գլոբալ ատոմային համաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի օրակարգում նախատեսված է միջազգային երկկողմ բանակցությունների մարաթոն Կրեմլում։
«Երկկողմ հանդիպումներ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան», –նշված է հաղորդագրության մեջ։
Պուտինը ելույթ է ունենալու Մոսկվայում Միջազգային ատոմային շաբաթվա շրջանակում անցկացվող Գլոբալ ատոմային համաժողովում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Փաշինյանից բացի համաժողովին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Միյանմայի Միության Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ինչպես նաև պատվիրակություններ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և մի շարք մասնագիտացված կազմակերպություններից։






