AM
25 Սեպտեմբեր 2025 - 13:54 AMT

ԿԸՀ-ն որոշել է տեսանկարահանող կազմակերպություն ընտրելու մրցույթի կարգը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի հերթական նիստում հաստատել է այն ընթացակարգը, որով ընտրվելու է մասնագիտացված կազմակերպությունը՝ Ազգային ժողովի ընտրությունների և համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքային ավագանիների ընտրությունների ընթացքում տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում ապահովելու նպատակով, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով, որը սույն կարգով նախատեսված մրցույթը կազմակերպում և անցկացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներն ու ժամկետները, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման նպատակով իրականացվող գնումների կատարման առանձնահատկությունները։

Այս փոփոխությունները պայմանավորված են 2024 թվականին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։

Հանձնաժողովն անդրադարձել է նաև մեկ այլ հարցի՝ փոփոխելով «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները սահմանելու մասին» ԿԸՀ-ի N 21-Ն որոշումը։

«Դրա համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու նպատակով ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրվելու է օգտագործել նաև այնպիսի անձնագիր, որը տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին և ունի ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին համապատասխանող՝ 070 ծածկագրով փաստաթղթի նկարագրություն»,- նշվում է հաղորդագրությունում։