ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անցկացվող այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Այս աումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։
Նման պատկերացման շրջանակում նախարարները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև դրա իրագործման հնարավորություններին TRIPP ծրագրի միջոցով։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ու Ղազախստանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով տարբեր մակարդակներում ձևավորված ակտիվ երկխոսությունն ու ոլորտային համագործակցության ընդլայնումը։
Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրտլեուն քննարկել են նաև սպասվող բարձրաստիճան այցերի օրակարգային թեմաները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։






