Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2026–ին կազմելու է 563.1 միլիարդ դրամ։ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը հաստատվել է սեպտեմբերի 25-ին կայացած կառավարության նիստում։
2025 թվականին պաշտպանության ոլորտի բյուջեն եղել է 664.6 միլիարդ դրամ, այսինքն՝ հաջորդ տարվա համար նախատեսվում է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում, հայտնում է Factor.am-ը։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս օգոստոս ամսին կանխատեսել էր այս զարգացումները։
«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս, մեր գնահատականն այս պահին սա է»,- ասել էր նա։
Նախքան վարչապետի այս հայտարարությունը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել էր, որ Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ընթացող խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գործընթացի պայմաններում կառավարությունը պլանավորում է 2026 թվականին կրճատել պաշտպանական ոլորտի բյուջեի մասնաբաժինը՝ 2025-ի համեմատ։
Ի հակադրություն՝ Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական ծախսերը։ Բաքուն 2026 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացնի 5 միլիարդ 120 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 90 միլիոն դոլարով գերազանցում է 2025 թվականի բյուջեն։






